Բնականաբար սա մեզ համար շատ սպասելի արդյունք էր եւ մենք պատրաստ էինք նաեւ այս արդյունքին, եւ ես շատ հանգիստ եմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո, որտեղ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ մինչեւ քվեարկությունը եւ ընթացքում:

Մի բան կարող եմ արձանագրել՝ ովքեր հուշագիրը խախտել են, պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ, քանի որ մյուս բոլոր քվեարկությունները բաց են լինելու: Դեռ պետք է քվեարկեն, բյուջե պետք է ընդունեն, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքով, այսպիսի ճանապարհով «հաղթանակը» չի կարող որեւէ դրական փոփոխության բերել, որովհետեւ սա ընդդեմ մարդկանց սպասումների է, ընդդեմ ստորագրված հուշագրի է եւ այս ամենն իր հետեւանքներն ունենալու է:

«Ես կյանքում չէի ուզենա, որ որեւէ բան այս ճանապարհով ընտրվեր: Արդեն ՀՀԿ-ի թեկնածուի առաջադրումը մեսիջ էր, որ ամեն ինչ լուծված է: Եթե դու տեսնում ես, որ քո կողմից 15 ձայն է, իսկ այն կողմից 18, բայց առաջադրվում ես, նշանակում է արդեն կոնկրետ գործողություններ ես կատարել: Քաղաքական պայմանավորվածությունները խախտելու արդյունքում որեւէ դրական բան չի կարող լինել»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Մարուքյանը հայտարարեց, որ ամենօրյա ռեժիմով ճնշումներ են եղել ոչ իշխանական կուսակցությունների ավագանու անդամների վրա. «Դատախազությունից մարդ է եղել, մոտեցել է մեր անդամներին ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ ենք հարուցելու ձեզ վրա: Հենց այստեղ տեղում են ճնշել: Սա այն է, ինչ մենք ունենք այսօր: Հայաստանի քաղաքական համակարգը տեռորի տակ է, որի արդյունքում տեղի է ունենում այն, ինչ տեսանք»:

Դիտարկմանը, թե գուց ե նաեւ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներից մանք են խախտել ստորագրված հոըւշագիրը, մարուքյանը պատասխանեց. «Լուսավոր Հայաստանի» անդամների քվեարկությունը ստուգված է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Փաստացի ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդն» ու ԲՀԿ-ն միասին՝ 18 մանդատ:

Սակայն ՀՀԿ թեկնածուն Մամիկոն Ասլանյանը ընտրություններում ստացել է 33 ավագանու անդամներից 19-ի աջակցությունը, իսկ ոչ իշխանական ուժերի թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ 14-ի: