Ես Վանաձորի 15 հազար ընտրողների եւ համակիրների ներողամտությունն եմ հայցում այսքան երկար տանջելու համար եւ հավատ ու հույս եմ ներշնչելու, որ վանաձորցու քվեն օդում չի մնալու, չի փոշիանալու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Վանաձորի ավագանու նիստում քաղաքապետի ընտրությունից հետո հայտարարեց քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
«Վանաձորցին ում ուզեցել է տեսնել քաղաքապետի պաշտոնում, վանաձորցին կարծում եմ՝ տեսավ: Ավագանու 33 անդամները բոլորը վանաձորցիներ են՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից»,-ասաց նա:
Ասլանյանը նշեց, որ չգիտի, թե ովքեր են ավագանու այն 4 անդամները, որոնք ոչ իշխանական կուսակցություններից լինելով, կողմ են քվեարկել իր թեկնածությանը. «Չեմ կարող ասել, անկեղծ, թե ես գիտեմ»:
Դիտարկմանը, թե լուրեր են շրջում, որ իշխանության կողմից ճնշումներ են եղել ոչ ավագանու իշխանական ուժերի անդամների նկատմամբ, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Թող ասեն: Ասում էին նաեւ, թե փող ենք բաժանել, կարուսել ենք արել, հետո հաստավե՞ց: Տեսաք, թե ինչպես սկսվեց ավագանու նիստը: Ո՞վ էր օրենքը պահում, ՀՀԿ-ն էր պահում»:
Նա հերքեց նաեւ տեղեկությունները, թե իշխանությունները դատախազությունից մարդիկ էին բերել, որպեսզի ճնշեն ավագանու անդամներին. «Նման բան չի կարող լինել, դա ֆիկցիա է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանի նիստում այսօր քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ ձայն:
Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այդ երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։
Փաստորեն Վանաձորի ավագանիում ոչ իշխանակում ուժերը ներկայացնող ավագանիներից ոչ բոլորն են քվեարկել ըստ ձեռք բերված պայմանավորվածության: Նրանցից 4-ը քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը:
Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք վեարկեն իրենց թեկնածուի օգտին:




























