ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը դժվարանում է ասել, թե Վանաձորում ոչ իշխանական որ ուժերի ներկայացուցիչներն են ձայն տվել քաղաքապետ ընտրված ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի օգտին:
«ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ուներ 15 ձայն, եւս 4 ձայն ստացանք ընդդիմադիրներից: Թե ով է տվել, ով չի տվել` դժավարանում եմ ասել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հովհաննես Սահակյանի խոսքով` այն, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պահանջում էր բաց քվեարկություն կատարել, խոսում էր այն մասին, որ իրենք վստահ չեն եղել, որ համագործացության հուշագիր ստորագրած բոլոր ուժերն իրենց օգտին կքվեարկեն:
«Երբ Էդմոն Մարուքյանը տանում էր բաց քվեարկության, նշանակում էր` կասկածանք ուներ իր թիմակիցների վրա: Ամփոփման ժամանակ փաստ դառավ դա: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Մամիկոն Ասլանյանի պատասխանատվության չափը այսպես մեծանում է»,- ասաց Հովհաննես Սահակյանը` նշելով, որ իրենք անթույլատրելի են համարում Էդմոն Մարուքյանի` քվեարկությունը բաց անցկացնելու պահանջը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանի նիստում այսօր քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ ձայն:
Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այդ երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։
Փաստորեն Վանաձորի ավագանիում ոչ իշխանակում ուժերը ներկայացնող ավագանիներից ոչ բոլորն են քվեարկել ըստ ձեռք բերված պայմանավորվածության: Նրանցից 4-ը քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը:
Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք վեարկեն իրենց թեկնածուի օգտին:




























