Երեւանում բացվել է Խորհրդային Միության չեմպիոն եւ գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը: Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ բացմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամները:
Ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երեւանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը: «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ բացված «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:






























