Ընդդիմության անունից հանդես գալը, բայց ռեալ ընդդիմադիր դիրքերից քայլեր ձեռնարկելը էականորեն տարբեր գործընթացներ են։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն՝ արձագանքելով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքին՝ ՀՀԿ–ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի հաղթանակին։
«Շատ ցավում եմ, որ նման ավարտ ունեցավ Վանաձորի քաղաքապետի ընտրությունը, բայց չեմ էլ թաքցնում, որ անսպասելի չէր։ Այդպիսի զարգացումներ մենք շատ ենք տեսել, բայց կարծում եմ, որ այս դեպքում մասնավորաբար Քրիստ Մարուքյանի ընտրվելը, կարող էր բերել տեղաշարժ եւ ափսոսում եմ, որ չկարողացան իրենց ընդդիմադիր հայտարարած եւ հուշագիր ստորագրած քաղաքական ուժերը այն ապահովել»,–ասաց պատգամավորը։
Հարցին, թե արդյոք այս հուշագրով ու քվեարկության նման ելքով չվարկաբեկվեց միավորված ընդդիմության գաղափարը, որը խիստ կարեւորվում է հատկապես ընտրական շրջանում, Քոքոբելյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ վարկաբեկվեց, ասեմ՝ ինչու. ընդդիմության անունից հանդես գալը, բայց ռեալ ընդդիմադիր դիրքերից քայլեր ձեռնարկելը էականորեն տարբեր գործընթացներ են։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ ամենաշատը մեր տունը քանդում է իմիտացիոն պրոցեսները։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ողջամիտ լինելով կարողանում են տարբերակել իմիտացիան ռեալ գործընթացից։ Ընդդիմության միավոր լինելու գործընթացի մասին շատ խոսում են նաեւ իշխանական շրջանակներից։ Ես ընդդիմության միավորում հասկացությունը խիստ արհեստական եմ համարում՝ ինչպես, որ տեսաք այս օրինակով, որովհետեւ ընդդիմության տարբեր թեւեր տարբեր քաղաքական մոտեցումներ ունեն ու միավորումները քաղաքական դաշտում կլինի շատ արհեստական։ Իհարկե, կոնկրետ խնդիրների շուրջ պարտավոր են միասնական հանդես գալ։ Օրինակ, կոռուպցիայի, մենաշնորհների, ԼՂՀ խնդրի հետ կապված պետք է հանդես գան ճիշտ դիրքերից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանի նիստում այսօր քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ ձայն:
Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այդ երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։
Փաստորեն Վանաձորի ավագանիում ոչ իշխանակում ուժերը ներկայացնող ավագանիներից ոչ բոլորն են քվեարկել ըստ ձեռք բերված պայմանավորվածության: Նրանցից 4-ը քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը:
Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք քվեարկեն իրենց թեկնածուի օգտին:




























