Ռուսաստանի մակարոն արտադրողները 1,5 անգամ կբարձրացնեն իրենց արտադրանքի բացթողնման գները առաջիկա 6 ամիսների ընթացքում՝ ալյուրի թանկացման պատճառով։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է առաջին մակարոնային ընկերության նախագահ Անդրեյ Կովալյովը։ Նրա խոսքով՝ 2010-ին մակարոնի գները չեն փոխվել, սակայն հիմա անհրաժեշտ է բարձրացնել բացթողնման գները՝ 5 տոկոս եկամտաբերության հասնելու համար։ Կովալյովն ընդգծել է, որ հենց գործարաններն սկսեն օգտագործել նոր սեզոնի ալյուրը, մակարոնի գնի բարձրացումն անխուսափելի կլինի, իսկ ամենից շատ կտուժեն ցորենի կոշտ սորտերից պատրաստվող մակարոնները։ «Ոչ միայն գներն են բարձրացել, այլեւ դժվար է գտնել համապատասխան որակի հումք։ Այն անհրաժեշտ է Ղազախստանում գնել, բայց դա թանկ է լոգիստիկայի տեսանկյունից»,- ասում է Կովալյովը։
Նշենք, որ ռուսաստանյան արտադրության մակարոնը հայաստանյան շուկայում մեծ տեսակարար կշիռ ունի։ Թեեւ առայժմ գների էական բարձրացում չի նկատվում, ռուսաստանյան արտադրողների քաղաքականությունն անխուսափելիորեն կանդրադառնա նաեւ տեղական շուկայի գների վրա։





























