Վանաձորում քաղաքապետի այս ձեւով ընտրությունը վկայում է նրա մասին, որ կարող է նման իրավիճակ լինել նաեւ 2017–ի խորհրդարանական ընտրություններին, եթե իրական ընդդիմությունը չմիավորվի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Վանաձորում ՀՀԿ–ական Մամիկոն Ասլանյանի հաղթանակին։

«Քաղաքական ուժեր կան, որոնք ընդամենը ընդդիմության դեր են կատարում, ֆեյք են, ուստի եւ լինելու էր այսպես Վանաձորում, իհարկե անուններ չեմ տա.... Այս վիճակը ցույց տվեց, որ նույնը լինելու է 2017–ին, եթե իրական ընդդիմությունը չմիավորվի եւ մեծամասնություն չունենա։ Շատ բարդ բաներ մտածել պետք չի, սա շատ լավ ցույց է տալիս՝ ինչ է սպասվելու առաջիկայում»,–ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա շեշտեց, որ ամեն ինչ շատ պարզ է տեղի ունեցել, քվեարկությանը մասնակցել են 4 ուժ, որոնցից երեքը ընդդիմություն են, իսկ դրսից որեւէ մեկը չի մասնակցել այդ քվեարկությանը։

«Հիմա քանի որ չգիտենք 4 ձայն Քրիստ Մարուքյանի շուրջ միավորված որ ուժից են տվել ՀՀԿ–ի թեկնածուին, անուններ չտանք, թեեւ ենթադրություն ունենք, բնականաբար, առավել եւս՝ որոշակի ինֆորմացիա ենք ունեցել, որ ընդդիմության թեկնածուն եւս Վանաձորում կաշառք է բաժանել, իհարկե, անունով չեմ ասի... այսպիսի ինֆորմացիա կար։ Դրա համար արժեքների վրա հիմնված իրական ընդդիմությունը պետք է միավորվի եւ ընտրությունը լինի սեւ ու սպիտակի միջեւ՝ ինչպես նախագահական ընտրության եւ հանրաքվեի ժամանակ»,–ամփոփեց նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանի նիստում այսօր քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ ձայն:

Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այդ երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։

Փաստորեն Վանաձորի ավագանիում ոչ իշխանակում ուժերը ներկայացնող ավագանիներից ոչ բոլորն են քվեարկել ըստ ձեռք բերված պայմանավորվածության: Նրանցից 4-ը քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը:

Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք քվեարկեն իրենց թեկնածուի օգտին։