Մեծ Բրիտանիայում խորանում են ԵՄ-ից դուրս գալու կապակցությամբ տարաձայնությունները։
Վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ անընդունելի է համարում խորհրդարանում Brexit –ի կապակցությամբ քվեարկություն անցկացնելը, սակայն խորհրդարանականները հնարավորություն կունենան ուսումնասիրել գործընթացը իրադարձությունների զարգացմանը զուգահեռ։
Դա արձագանքն էր բրիտանացի լեյբորիստների նախկին առաջնորդ Էդ Միլիբանդի այն հայտարարությանը, որ Մեյն իրավունք չունի որոշել Brexit –ի պայմաններն առանց խորհրդարանի մանդատի ու որ հանրաքվեի արդյունքում ընդունված որոշումը վերաբերում է հենց ԵՄ-ից, այլ ոչ թե միասնական տնետսական տարածքից դուրս գալուն։ Խորհրդարանականները մտահոգված են, որ չնայած Մեյի վստահեցումներին այն մասին, որ Բրիտանիան ձգտելու է պահպանել իր տեղը միասնական եվրոպական շուկայի կազմում, վարչապետն այդուհանդերձ կարող է նախընտրել «կոշտ Brexit –ը», այսինքն միասնական տնտեսական տարածքից դուրս գալը՝ հանուն սեփական սահմանների հսկողության խստացման։
Դաունինգ սթրիթի հայտարարությանն ի պատասխան՝ Կոնսերվատիվ կուսակցության պատգամավոր Սթիվեն Ֆիլիպսը, որը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցն էր, բաց նամակով դիմել է համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուին եւ պահանջել մինչեւ ԵՄ-ից դուրս գալու ֆորմալ գործընթացի մեկնարկը բանավեճեր կազմակերպել այն հարցով ,թե ինչ դեր պետք է ունենա խորհրդարանը ԵՄ-ից դուրս գալու պայմանների համաձայնեցման հարցում։
Միլիբանդի հավաքած յուրատեսակ կոալիցիայում արդեն ընդգրկվել են խորհրդարանականներ բոլոր կուսակցություններից, այդ թվում մի քանի ազդեցիկ քաղաքական գործիչներ, օրինակ կրթության նախկին նախարար Նիքքի Մորգանը
Brexit-ի գործերով նախարար Դեւիդ Դեւիսն իր հերթին, հոկտեմբերի 10-ին ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է, որ «չի հանդուրժի ոչ մի փորձ՝ հետ շրջվել կամ արգելակել» բրիտանական ժողովրդի կամքի իրականացումը։



























