Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու «կոշտ» սցենարի դեպքում բրիտանական գանձարանը կարող է տարեկան մինչեւ 66 մլրդ ֆունտ (ավելի քան 73 մլրդ եվրո) կորցնել: Այս մասին ասված է կառավարական փաստաթղթերում, որոնք հայտնվել են The Times-ի տրամադրության տակ:

Կանխատեսումների համաձայն՝ միասնական շուկայից դուրս գալու եւ մայրցամաքային Եվրոպայի հետ առեւտրում Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին անցնելու դեպքում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կարող է 9.5%-ով պակաս լինել այն ցուցանիշից, որին հնարավոր էր հասնել ԵՄ-ին անդամակցությունը պահպանելու դեպքում: Եկամուտների նման կտրուկ անկումը երկրի կառավարությանը կստիպի կրճատել պետական ծախսերը կամ բարձրացնել հարկերը:

DW-ի հաղորդմամբ՝ Brexit-ի «կոշտ» սցենարը ենթադրում է ոչ միայն ԵՄ-ի կազմից, այլեւ ազատ առեւտրի եվրոպական գոտուց Մեծ Բրիտանիայի ելք: Այլ տարբերակների դեպքում միասնական շուկայի հասանելիությունը կպահպանվի այժմյանին քիչ թե շատ մոտ պայմաններով: