Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի նոր շենքի շինարարությունը դասադուլ արած աշակերտներին խոստացված՝ 10-օրյա ժամկետում չի ավարտվել: Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ աշակերտները, հավանաբար, նոր դպրոց կտեղափոխվեն մինչեւ ամսվա վերջ:
«Շենքի վրա դեռ անելու աշխատանքներ կան, գազիֆիկացման հետ խնդիր կա եւ գույքի»,- ասաց տնօրենը:
Հին շենքի վատ պայմաններից եւ նոր շենքի շինարարության ձգձգումից բողոքող աշակերտները, այնուամենայնիվ, կրկին դասադուլ անել չեն պատրաստվում: Աշակերտներից մեկի մայրը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխաները նորմալ հաճախում են դպրոց, արդեն պատրաստվում են, որ տեղափոխվեն նոր շենք:
Հիշեցնենք, որ աշակերտները սեպտեմբերի 27-ին դասադուլ արեցին, նրանց խոստացան, որ նոր շենքը մինչեւ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի: Երեխաները բողոքում էին, որ ցուրտ դասասենյակներում դաս անել չեն կարողանում:
Լուսանկարը՝ Hetq.am-ի




























