Հալեպ հումանիտար օգնություն ուղարկելը երկրորդական նշանակություն ունի, առաջնային է մեր հայրենակիցներին այնտեղից դուրս բերելը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Չի բացառվում, որ ապագայում տեղի կունենան լայնածավալ հարձակումներ Հալեպի այն հատվածում, որը գտնվում ապստամբների ձեռքում եւ դա արդեն վտանգ կսպառնա մեր հայրենակիցների կյանքին: Սա է առաջնային խնդիր, որ պետք  է ապահովենք նրանց դուրս բերումը: Ամենկարեւորը մեր հայրենակիցների կյանքն է»,- ասաց նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գնահատականներով՝ մոտակա երկու ամսվա ընթացքում Հալեպում իրադրությունը շատ ավելի է վատանալու:

Անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ  հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները քննարկվել են Հալեպի բնակչությանը հումանիտար օգնություն ցույց տալու հարցը. «Սա նշանակում է, որ Թուրքիան չի միանում Արեւմուտքին, որը քննադատում է ՌԴ քաղաքականությունը Սիրիայում»:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ հանդիպման ընթացքում երկու երկրները հիմք են դրել ավելի մերձեցնելու իրենց հարաբերությունները եւ տնտեսական ոլորտում, եւ Սիրիայի հարցում:

«Թուրքիան եւ Ռուսաստանը փորձում են վերականգնել այն հարաբերությունները, որոնք եղել են մինչ ռուսական ուղղաթիռի կործանումը»,- ասաց նա: