Հայաստանն իր անկախության 25 տարիներին իր առջեւ դրել է 4 նպատակ, որից իրականացրել է միայն մեկը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը, ով հայտարարեց, որ հրաժարական է տվել եւ մտնում է ակտիվ քաղաքական պայքարի մեջ:

«Դա ԼՂՀ հռչակումն է եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, միաժամանակ միջազգային ճանաչումն ընթացքի մեջ է: Մնացած երեք ռազմավարական խնդիրները, որոնք են Հայաստանի ապաշրջափակումը, Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն դարձնելը եւ 1994-ի զինանդադարից հետո պատերազմում պարտված Ադրբեջանին տնտեսությունում հաղթելու առաջադրանքը, չեն իրականացվել»,-ասաց Դալլաքյանը:

Նա նշեց, որ իր քաղաքական գործունեության ընթացքում կարեւորելու է հետեւյալ 6 ռազմավարական նպատակները.

-Հայաստանը ժամանակակից, մրցունակ եւ կենսունակ պետություն դարձնելը,

-Հայաստան-սփյուռք հարաբերությունները գումարներ կորզելու եւ այդ գումարները վատնելու հարթությունից ցանցային հարթություն տեղափոխելը եւ հայաստանակենտրոն քաղաքականության վարելը, որի արդյունքում հայկական կապիտալը հայկական քաղաքականություն կդառնա, ինչպես հրեաների մոտ է,

- ԼՂ խնդրի կարգավորումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր կարգավորման ֆոնին,

-հայության գոյաբանական ճգնաժամի եւ Հայաստանի աղետալի դեմոգրաֆիկական իրավիճակի հաղթահարումը,

- Հայաստանի ինքնիշխանության լիակատար ամրագրումը եւ իրականացումն է, եւ Հայաստանին այսօր պարտադրված աշխարհաքաղաքական արհեստական ընտրության առջեւ կանգնեցնելը:

Վիկտոր Դալլաքյանի խոսքով, հաջորդ կարեւոր խնդիրը Հայաստանի ապաշրջափակումն է, որի համար կա երեք տարբերակ՝ աբխազական երկաթուղու վերագործարկում, Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկում եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում: