Ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, դրա համար էլ համագործակցել եմ ՀՀ երեք նախագահների հետ, համագործակցել եմ նաեւ բոլոր վարչապետների հետ, բայց որեւէ խնդրանքով նրանց չեմ դիմել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վիկտոր Դալլաքյանը, ով հայտարարել է, որ հրաժարական է տվել եւ մտնում է ակտիվ քաղաքական պայքարի մեջ:
«2012-ի հունվարին Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր եւ խնդրել, որ ես շարունակեմ իր հետ համագործակցությունը եւ առաջարկել է անդամակցել ՀՀԿ-ին: Նա ընդունել է իմ մոտեցումները եւ ես անդամակցել եմ ՀՀԿ-ին, բայց 2012-ի մայիսի 6-ին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իմ դեմ օգտագործել է, այսպես կոչված, «լուսավոր հանցագործին» (նկատի ունի Վանաձորից պատգամավոր ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին-խմբ), որի հետ կապված մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ:
Ընտրություններից 2 օր հետո Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է Ստեփանակերտ, որին ներկա են եղել Բակո Սահակյանը: Սերժ Սարգսյանն ինձ հարցրեց՝ ինչու այդպես ստացվեց, այսինքն խոսքը Վանաձորի մասին էր: Ես ասացի, որ եկել եմ այդ հարցը պատասխանը Ձեզնից ստանամ: Ես ներկայացրել եմ, թե ինչ է տեղի ունեցել Վանաձորում, օրինակ անձնավորությունը, որին նա օգտագործել է իմ դեմ, ՀՀ-ում մեկ տարի 17 օր չի բնակվել, 8 ամիս եղել է այլ երկրում: Ես բողոքարկել եմ, բայց ԸԸՀ-ն մերժել է բողոքը»,-ասաց Դալլաքյանը՝ հավելելով. «Փաստերը ցույց են տալիս, որ ԱԺ-ում ունենք լուսավոր հանցագործ, որն ունի պապաներ բարձրագույն իշխանություններում»:
Հարցին, թե այդ դեպքում ինչու 2021-ից հետո համաձայնել է դառնալ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «4 տարի սպասել եմ, որովհետեւ կա քարերը հավաքելեւ եւ քարերը նետելու ժամանակը: Հիմա եկել է քարերը նետելու ժամանակը»:
Նա ընդգծել է, որ այս 4 տարիներին ես ոչ մի անգամ Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել:




























