ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի եւ ԱՊՀ երկրների հույների համայնքների ֆեդերացիաների աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերին, «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը մասնակցել է Հունաստանում անցկացվող «Պարալիա 2016»  միջազգային ֆոլկ-փառատոնին եւ արժանացել գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի:

Մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է անսամբլի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանին եւ անսամբլի մեներգիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ֆոլկլորիստների եվրոպական ասոցիացիայի նախագահության անդամ Սամվել Գալստյանին:

Հանդիպմանը երաժիշտները ներկայացել էին «Ոսկե գավաթ» մրցանակով եւ ներկայացրել փառատոնային օրերի անցուդարձը:  Նախարար Ա. Ամիրյանը շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: Զրույցի ընթացքում, Անժելա Աթաբեկյանը տեղեկացրել է, որ ինքն արմատներով հույն է, ԼՂՀ Մեհմանա գյուղից, որտեղ ավելի քան մեկ դար է, ինչ հույներ են բնակվում:  «Տարիներ շարունակ հայկական ֆոլկլորն ենք ներկայացնում: Մեր ելույթները միշտ աղմուկ են հանել՝ լավ իմաստով: Այդպես եղավ նաեւ այս փառատոնում»,-նշել է անվանի քանոնահարը:

Հավելենք, որ «Խարիտոնի» հայ-հունական անսամբլը 20 տարի առաջ հիմնել են Աթաբեկյան հինգ քույրերը, բոլորը՝ պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ, հետո նրանց են միացել որդիները, ապա նաեւ՝ թոռները: «Խարիտոնին» միակ պրոֆեսիոնալ խումբն է, որը Հայաստանում հունական մշակույթ է զարգացնում եւ տարածում: