Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հանրային զուգարանների վերաբերյալ նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Խնդրում եմ նամակներիս պատասխանել ըստ էության: Մասնավորապես իմ՝ 29.09.2016թ. ԲԵ-746/16 նամակի առաջին պարբերության մեջ հայտնել էի, որ թիվ 49 երթուղու վարորդները բողոքում են, որ երթուղու վերջնականգառում չկա պահանջված սանհանգույց, իսկ երկրորդ պարբերությամբ խնդրել էի տրամադրել Երեւանի քաղաքապետարանի եւ այդ ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, որում, իմ կարծիքով, ընկերությունը պետք է պարտավորված լիներ իր վերջնակայաններում ապահովել սանհանգույցի առկայությունը: Պայմանագրի պատճենը տրամադրվեց, որում, ցավոք, նման կետ չգտա, իսկ այն մասին, թե ինչպես է վարորդների համար լուծվում սանհանգույցի հարցը՝ ոչ մի բառ: Հարցը մնում է արդիական. ո՞վ պիտի Երեւանում ընդհանրապես հոգա վարորդների համար այդքան անհրաժեշտ սանհանգույցների առկայության խնդիրը եւ ե՞րբ է լուծվելու Երեւանում հանրային զուգարանների բացակայության խնդիրը:
Մեկ անգամ չէ, որ բարձրացրել եմ Երեւանում հանրային զուգարանների անհրաժեշտության մասին հարցը (22.06.2015թ., 29.09.20162.թ.), սակայն պատասխան նամակներում ընդամենը հայտնել են, որ զբոսայգիների եւ պուրակների կառուցման կամ վերակառուցման ծրագրերի շրջանակներում նախատեսվում են նաեւ հանրային զուգարանների տեղադրման աշխատանքներ:
Ոչինչ չասող «խոստում», որը վկայում է խնդրի լուծման նկատմամբ պարտավորություն չստանձնելու մասին այն դեպքում, երբ կառավարության եւ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների կողմից անընդհատ կարեւորվում են Հայաստանում ու Երեւանում զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերը: Նույն խնդիրը կա նաեւ ավտոմայրուղիներում, իսկ զբոսաշրջությունը խթանելու շատ կարեւոր պայմաններից սա առաջնայինն է: Խնդրում եմ հստակ պատասխանել, թե ինչպես է լուծվում.
1. տրանսպորտային միջոցների վարորդների համար սանհանգույցների անհրաժեշտության խնդիրը:
2. Երեւանում հանրային զուգարանների հարցը լուծելու համար ի՞նչ կոնկրետ քայլեր են նախատեսվում»:




























