Ռուսաստանը վերանայել է Երեւանին եւ Բաքվին զենքի մատակարարման հավասարակշռման  անհրաժեշտության վերաբերյալ տեսակետը: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողներին ասաց քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Դրա հաստատումն է Հայաստանին օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համալիրների մատակարարումը: Ինչպես նշեց Հարությունյանը, Մոսկվան, ըստ երեւույթին, հանգել է այն եզրակացության, որ հավասարակշռման այն մոդելը, որով վերջին տարիներին առաջնորդվել է, չի աշխատում, եւ ցանկանում է մոտեցումները փոխել:

«Պուտինը եւ Էրդողանը հոկտեմբերի 10-ի իրենց վերջին հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի թեման ավելի շուտ չեն քննարկել: Ապրիլյան իրադարձություններից հետո Թուրքիան, հավանաբար, հասկացել է, որ պետք չէ Ռուսաստանին շրջանցելով այդ հարցում միջամտել: Իսկ ինքը՝ Ռուսաստանը դեռեւս չափից ավելի է զբաղված Դոնբասի խնդիրներով (որտեղ իրադրությունը շատ ծանր է), որպեսզի լարված ուշադրությամբ զբաղվի նաեւ Ղարաբաղով»,- հավելել է քաղաքագետը: