Վիկտոր Դալլաքյանը սխալ մեկնարկ է ընտրել քաղաքական դաշտ վերադառնալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Վիկտոր Դալլաքյանի հրաժարականն առավելապես կապված է 2017թ.  խորհրդարանական ընտրությունների հետ, դրանց մասնակցելու ցանկության հետ։ Միշտ բարձր եմ գնահատել Վիկտոր Դալլաքյանի պատգամավորական գործունեությունը, բայց չեմ կարծում, որ սա ճիշտ մեկնարկ է քաղաքական դաշտ վերադառնալու համար։ Նրա քննադատությունն հիմնականում ուղղված էր նախագահի աշխատելաոճին, դժգոհությունը վերաբերում էր նախագահի հետ շփումների բացակայությանը եւ այդ խնդիրը եղել է նաեւ նրա իրավանախորդի՝ Գառնիկ Իսագուլյանի ժամանակ: Թե ինչու 4 տարի հետո կարելի է դրա մասին խոսել եւ ոչ ընթացքում, այդ հարցի պատասխանը թերեւս միայն Վիկտոր Դալլաքյանը կարող է տալ»- ասաց նա՝ անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի այսօրվա արած հայտարարություններին:

Քաղաքագետը հասկանում է՝  ինչու է Վիկտոր Դալլաքյանի  թիրախի տակ հայտնվել «Լուսավոր Հայաստանը», նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության արձանագրած հաջողությունը կարող է ռիսկեր ստեղծել  Վանաձորում ապագա մրցարշավի համար. «Հասկանալի է, Վիկտոր Դալլաքյանը գիտակցում է , որ դա ռիսկեր  է ստեղծում Վանաձորում իր հաջողությունների համար, չմոռանանք, որ երկուսն էլ վանաձորցի են»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից եւ պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ի կազմից եւ մտնել ակտիվ քաղաքական դաշտ։ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ հանդես կգա ընդդիմադիր դիրքերից եւ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: