Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պետք է շարունակել եւ ակտիվացնել միջխորհրդարանական կապերը։ Այս մասին ԱՊԱ–ին ասել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը։

«Ինչպես ես բազմիցս ասել եմ, հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Ես կողմերին կոչ եմ արել դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը եւ աջակցելով Մինսկի գործընթացին՝ կառուցողական ջանքեր գործադրել՝ հանուն խաղաղության։ Այդ տեսակետից Խորհրդարանական վեհաժողովը, խթան հաղորդելով պատգամավորների մակարդակով կառուցողական երկխոսությանը, կարող է կարեւոր դեր խաղալ, ինչն ի վերջո կխթանի վստահության միջոցներին։ Կան կոնկրետ գաղափարներ։ Երբ մենք կմոտենանք դրանց իրացմանը, հասարակությանը տեղյակ կպահենք»,– ասել է հատուկ ներկայացուցիչը։

Պատասխանելով տարածաշրջան հնարավոր այցելության մասին հարցին՝ Քրիստիան Վիգենինը նշել է, որ հիմա այդ մասին տեղեկություն չկա։ «Կարծում եմ, որ խաղաղ գործընթացին մասնակցող մարդկանց համար կարեւոր է տեսնել իրավիճակը տեղում։ Ես պատրաստ եմ այցելել Լեռնային Ղարաբաղ, եթե համապատասխան աղբյուրները կազմակերպեն այդ այցը պաշտոնական Բաքվի կամ Երեւանի համաձայնությամբ, եւ դա կարեւոր ավանդ կլինի գործադրվող ջանքերում»։