Հայաստանում աշխատավարձը, թոշակը կամ նպաստն այնքան է, որքան հնարավորություն ունենք: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն քննադատությանը, թե նպաստների ու թոշակների իրական բարձրացում չկա, քանի որ գնաճը խժռում է ոչ մեծ բարձրացումները: Ըստ ֆինանսների փոխնախարարի՝ դա մակրոտնտեսության խնդիր է: «Եթե թոշակները համադրենք գնաճի հաշվառմամբ, դա ավելի շատ քաղաքական հարցադրում է, քան տնտեսագիտական»,- նման խուճուճ պատասխան է տվել Պ. Սաֆարյանը:
Ֆինանսների փոխնախարարն ընդունեց Արծվիկ Մինասյանի այն պնդումը, որ 2011-ի պետական բյուջեի նախագծում աշխատավարձերի բարձրացում գոյություն չունի։ «Մենք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձ չենք բարձրացնում, քաղծառայողների բազային աշխատավարձ չենք փոփոխում։ Աշխատավարձի բարձրացում պետական համակարգում տեղի է ունենում միայն բնականոն աճի հաշվին։ Այդ առումով Արծվիկ Մինասյանը ճիշտ է ասում, որ բյուջեում աշխատավարձի բարձրացում չկա»,- ասաց Պ. Սաֆարյանը։
Իսկ կոնկրետ թոշակների եւ նպաստների հարցում, ըստ փոխնախարարի, խնդիրը հետեւյալն է։ Ֆինանսների նախարարն ընդամենը ասել է, որ 2011 թ. լրացուցիչ 26 մլրդ դրամ կհատկացվի այդ նպատակներով։ «Ա. Մինասյանն ասում էր, թե այդ բարձրացումը 2010-ին է եղել, ինչու եք դա մեզ վրա 2011-ին «ծախում»։ Բայց մենք չենք ասում, որ հունվարի 1-ից թոշակ ենք բարձրացրել, նման բան իսկապես չկա։ Ընդամենը ասում ենք, որ լրացուցիչ գումարներ ենք նախատեսել»,-պարզաբանեց Սաֆարյանը։




























