Հոկտեմբերի 14-ին Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը եւ հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչեւ 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության եւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:

Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում:

Նկատի առնելով, որ 2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունը կստանձնի Բելառուսի Հանրապետությունը, Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել նրա նախագահության շրջանում՝ նստաշրջանների միջեւ ընկած հաջորդ ժամանակահատվածում:

Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում նախատեսվում է նաեւ Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:

Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ: