Վիկտոր Դալլաքյանը գործուղվել է, որ ապականի քաղաքական դաշտը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ արձագանքելով Վիկտոր Դալլաքյանի՝ ՀՀԿ–ից դուրս գալու եւ իշխանության դեմ պայքարելու հայտարարություններին։

Նշենք, որ այսօր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է կրկին ՀՀԿ–ից դուրս գալու, պաշտոնից հրաժարվելու եւ ընդդիմադիր ճակատում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Նրա քննադատության թիրախում կրկին իր վաղեմի մրցակից Էդմոն Մարուքյանն է եղել։ Դալլաքյանի ասուլիսի մեծ մասը նվիրել է Մարուքյանին։ Նա նշել է, որ 2012–ի խորհրդարանական ընտրություններում իր մրցակից Մարուքյանը կարողացել է հաղթանակ տոնել Սերժ Սարգսյանի հովանավորությամբ եւ իր մշտական բնակության մասին տեղեկանքը կեղծելով։ Էդմոն Մարուքյանը դարձյալ հերքեց, որ ինքը որեւէ փաստաթուղթ չի կեղծել եւ ընտրապայքարը օրենքի շրջանակում է եղել։

«Վիկտոր Դալլաքյանը կեղծ տեղեկատվություն է տարածում, ես Հանրապետության նախագահի հետ հանդիպել եմ Թեւան Պողոսյանի հետ սահմանադրական բարեփոխումների ժամանակ։ Իսկ ինքը պիտի ապացուցի, որ Սերժ Սարգսյանը կոն է անում եւ կազինոյում կրվել է Հայաստանի քաղաքացիների թոշակները։ Կա տեսանյութ, որ նա դիմում է մարդկանց, թե Սերժ Սարգսյանը կոն է անում եւ ձեր թոշակները կազինոյում կրվում է... Մարդը 4 տարի կարող է օգտվել պետական ռեսուրսից, ծառայել Սերժ Սարգսյանին, հարազատներին տեղավորել աշխատանքի. իսկ հետո ասել՝ դուրս եմ գալիս կուսակցությունից, աշխատանքից ու նոր կուսակցություն բացում»,–ասաց Մարուքյանը։

Վերջինս շեշտեց, որ նախագահի նստավայրում, որտեղ որ մինչեւ երեկ աշխատում էր Դալլաքյանը, ճիշտ չեն գնահատել նրա հնարավորությունները։

«Բաղրամյան 26–ում չեն գնահատել, որ այդ մարդու պիտանելիության ժամկետը ավարտված է։ Նա գործուղվել է, որ ապականի քաղաքական դաշտը, որովհետեւ տեսնում են, որ նոր ուժեր կան քաղաքական դաշտում եւ ուղարկել են, որ իր գործառույթները իրականացնի»։