Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու՝ նրա պաշտպանի միջնորդությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մերժել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ դրանից հետո հարցաքննվել են վկաներ, դատական նիստը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ դատական նիստի ժամանակ պաշտպանը նման միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ Սաֆարյանը ազատության մեջ մնալով չի կարող ազդել գործի քննության վրա, քանի որ վկաներն արդեն հարցաքննվել են, իսկ որոշներն էլ անազատության մեջ են, բացի այդ էլ՝ նա անազատության մեջ մնալով նաեւ հիվանդություն է ձեռք բերել:
Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:




























