ԵԽԽՎ պատվիրակները պահանջել են նոր օրենքներ ընդունել, որոնք կկարողանան պայքարել օֆշորների ու փողերի լվացման դեմ։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրվա ընթացքում պատվիրակները հավանություն են տվել «պանամական թղթապանակի» վերաբերյալ Շտեֆան Շեննախի զեկույցին։ Զեկույցում նշված է, որ պանամական փաստաթղթերն առաջացրել են հասարակայնության դժգոհությունը, ու «քաղաքացիները այլեւս չեն ցանկանում հանդուրժել այն իրավական համակարգերը, որոնք խոշոր ընկերություններին ու մեծահարուստներին թույլ են տալիս հեշտությամբ խուսափել հարկերի վճարումից»։

Պատվիրակները նշել են, որ քաղաքական գործիչները պետք է ավելի թափանցիկ լինեն իրենց գործունեության մեջ, որպեսզի դադարեցնեն հասարակայնության անվստահությունը։ Նրանք կոչ են արել մի շարք քայլեր ձեռնարկել, այդ թվում ապահովել թափանցիկ, կայուն ու արդար  ազգային հարկային համակարգեր, ավելի հուսալի պաշտպանություն իրազեկողների համար ու ավելի շատ ռեսուրսներ հարկային խաբեությունների ու հարկերի վճարումից խուսափելու դեպքերի հետազոտությունների համար։