«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստանի գործարար աշխարհին, անկասկած, շատ ավելի հետաքրքրում է, թե ով է լինելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, քան ցանկացած նախարար։ Եվ այս առումով գործարարների աչքից չի վրիպում այդ պաշտոնում նշանակվողի անձին վերաբերվող ցանկացած մանրուք եւ անգամ այն «արարողակարգային» մանրամասները, որոնք ուղեկցում են այդ պաշտոնյայի նշանակման ողջ ընթացքը։

Այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանը ՊԵԿ աշխատակազմին էր ներկայացնում այդ կառույցի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, իսկ երեկ ՊԵԿ աշխատակազմին իրենց նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանին ներկայացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Դժվար է վերջին տարիներին գտնել նմանատիպ երկու միջոցառում, որոնցում լինեն այսքան թաքնված «մեսիջներ»։

Հիմա դիտարկենք դրանցից մի քանիսը, որոնք արձանագրել են գործարարները եւ դրանից որոշակի հետեւություններ են անելու։ Ինչո՞ւ Վարդան Հարությունյանին չներկայացրեց Սերժ Սարգսյանը։ Կարող է թվալ, թե դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանում չէր։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Վարդան Հարությունյանին ՊԵԿ նա­խագահի պաշտոնում նշանակելու հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել էր դեռ հոկտեմբերի 8-ին եւ ցանկության դեպքում կարող էր հենց ինքն էլ ներկայացնել ՊԵԿ նորանշանակ ղեկավարին։ Չներկայացրեց։ Ի՞նչ կա թաքնված սրա տակ։

Գուցե Սերժ Սարգսյանը սրանով ցույց է տալիս, որ ի տարբերություն Հովհաննես Հովսեփյանի, Վարդան Հարությունյանը, «իր կադրը» չէ, եւ հետագա զարգացումների համար պատասխանատվություն է կրում նրան ներկայացնողը՝ Կարեն Կարա­պետյանը։ Կամ եթե ավելի խտացնենք գույները, սրանով Սերժ Սարգս­յանը գուցե ցանկանում էր հասկացնել, որ Վարդան Հարությունյանը «քարտ բլանշ» ունի, եւ ինքը չի խառնվելու նրա գործերին։ Գուցե։ Այս պահին դեռ դժվար է դա պնդել կամ հերքել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում