Գագիկ Ծառուկյանն ինքն անձամբ պետք է որոշի` վերադառնալ քաղաքականություն, թե ոչ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին լուրերը:

«Հեռանալիս Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց իր խոսքում` չգնաց այդ ճանապարհով, քանի որ դա տանելու էր արյունահեղության»,- ասաց նա:

Վահե Էնֆիաջյանի խոսքով` մարդիկ պահանջում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը:

«Քաղաքացիներր միշտ հարցնում էին Ծառուկյանի անձի հնարավոր վերադարձի հետ կապված, որ իր անձի կարիքը քաղաքական դաշտում զգացվում է: Գտնում են, որ նրա տեսակը, նրա սկզբունքները քաղաքական դաշտի համար անհրաժեշտ են, իր անձով հնարավոր է իրական փոփոխություններ արձանագրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ եւ ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը հնադես եկավ Ծառուկյանին ուղղված խիստ ելույթով՝ հայտարարելով, որ ինքն է ՀՀԿ-ականներին արգելել օգտագործել «Դոդի Գագո» պիտակը, նաեւ հայտարարեց՝ «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: