Ադրբեջանում դատարանը որոշել է երեք ամսով երկարաձգել առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի կալանքը։ Այս մասին Turan–ին հայտնել է Ինսանովի փաստաբան Թողրուլ Բաբաեւը։
Որոշումը պայմանավորված է Ինսանովի դեմ նոր մեղադրանքներով։ Նրան մեղադրում են թմրանյութեր պահելու եւ տարածելու ու իշխանություններին դիմադրություն ցուցաբերելու մեջ։ Ինսանովը մեղադրանքները կեղծիք է որակել, որոնց նպատակն է իրեն բանտում պահել։
Քննչական մեկուսարանում գտնվող նախկին նախարարը հրաժարվել է մասնակցել այսօրվա դատավարությանը։ Փաստաբանը մտադիր է բողոքարկել կալանքը։
Ինսանովին եւս 5-7 տարվա ազատազրկում է սպառնում։




























