Գիտնականները հայտնել են, որ ստեղծել են նոր միջոց, որի շնորհիվ հնարավոր է նուրբ մետաքսաթելերը ավելի ամուր դարձնել՝ շերամաորդերին կերակրելով գրաֆեն կամ միապատ ածխածնային նանոխողովակներ։

«Օկո պլանետի» պորտալի փոխանցմամբ, նման մեթոդով ստացված մետաքսը կարելի է օգտագործել հատուկ ամուր պաշտպանական կտորների, բիոքայքայվող բժշկական իմպլանտատների ու էկոլոգիական կրելի գաջետների արտադրության մեջ։

Ածխածնով ուժեղացված մետաքս ստանալու համար հետազոտող Ինին Չժանը ու Ցինխուայի համալսարանից նրա գործընկերները շերամաորդերին կերակրել են թթենու տերեւներով, որոնց վրա նախապես ցանել էին ածխածնային նանոխողովակների կամ գրաֆենի 0․2 տոկոս պարունակությամբ ջրային լուծույթ, իսկ հետո հավաքել որդերի հյուսած մետաքսը։ Պատրաստի թելի մշակման համար պահանջվում է օգտագործել թունավոր քիմիական լուծույթներ՝ որոնց մեջ նանոնյութեր են լուծված, դրա համար էլ շերամաորդի կերակրման մեթոդն ամենահարմարն է ու էկոլոգիական տեսակետից ամենամաքուրը։ Մոդիֆիկացված մետաքսը գրեթե կրկնակի ամուր է սովորականից ու կարող է 50 տոկոսով շատ ծանրության դիմանալ։

Առայժմ մի շարք հարցեր անպատասխան են մնում։ Դրանցից մեկն է, թե ինչպես են շերամաորդերը նանոնյութերը հավելում մետաքսի մեջ։ Նաեւ հասկանալի չէ, թե որդերի կերած նանոնյութերի քանի տոկոսն է մնում մետաքսում՝ նրանց օրգանիզմից դուրս գալու փոխարեն։ Ածխածնային նյութերը մետաքսաթելերի կտրվածքում աչքով տեսանելի չեն, գուցե որովհետեւ դրանց պարունակությունը չափից ցածր է, ասում է Չժանը։ Այս հարցերի պատասխանը կարող են գտնել կենսաբանները, հավելել է նա։