Սեւանի նախկին ու ներկա քաղաքապետերի  պայքարը տեղափոխվել է իրավական հարթություն. նախկին քաղաքապետ, ՀՀԿ–ական Ռուդիկ Ղուկասյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ հոկտեմբերի 2–ի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Ռուդիկ Ղուկասյանը հայտարարել է, որ հայցի հիմքում ներկայացված են ընտրախախտումների մասին աղաղակող փաստեր, որոնք արձանագրել է իրենց տեսախցիկը՝ ընտրակաշառք, լցոնումներ եւ այլն ընտրախախտումներ։ ՀՀԿ–ի ներկայացուցիչը ընտրակաշառքի մասին ահազանգում էր դեռեւս ընտրությունների օրը, սակայն հրաժարվեց լրագրողներին ներկայացնել փաստերը, ոստիկանություն նույնպես չդիմեց։ Նրա հակառակորդ, իշխող ՀՀԿ-ի պաշտպանությամբ քաղաքապետ դարձած Սարգիս Մուրադյանը, որը քաղաքապետի պարտականությունները ստանձնելու է նոյեմբերի 3–ից, NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ չի վախենում Ռուդիկ Ղուկասյանի «աղաղակող փաստերից»։

«Ոչ մի մտավախություն չունեմ, որովհետեւ չի կարող ոչ մի փաստ ներկայացնի, որ մեր թիմը ընտրակաշառք է բաժանել։ Կրկնում եմ՝ ոչ մի տեղ նման փաստ չի կարող ներկայացնել։ Ինքը կարող է իր պատկերացմամբ մի քանի բաներ ասի, որը հեռու չի իրենից, իսկ խախտումների, կաշառքի մասին այլ բան չի կարող ներկայացնել»,-ասաց նա:

Սարգիս Մուրադյանի վստահության հիմքն այն է, որ իր թիմի անդամները նման հրահանգ չեն ստացել եւ ընտրակաշառք չեն բաժանել, ինչի հետեւանքով էլ Ռուդիկ Ղուկասյանը չի կարող ապացուցել, որ իր թիմից որեւէ մեկը նման արարք է թույլ տվել։

Երբ ՀՀԿ–ի օգտին թույլ տրված ընտրախախտումներ  բացահայտվում են, պատգամավորները պնդում են, որ յուրայիներ չեն, ինչ–որ մարդիկ են, որոնք ինքնակամ «արջի ծառայություն» են մատուցել իշխանությանը։

Մեր դիտարկմանը, թե միգուցե որոշ մարդիկ «արջի ծառայություն» են մատուցել եւ իր օգտին ընտրակաշա՞ռք են բաժանել, նորընտիր քաղաքապետը պատասխանեց. «Եթե կաշառք չի բաժանվել, վստահ չլինե՞մ, որ չի եղել նման բան։ Իմ թիմից ոչ մեկ ընտրակաշառք չի բաժանել, ես դրանում եմ վստահ։ Ես վստահություն ունեմ, որ ինքը չի կարող ապացուցել նման բան, քանի որ իմ թիմակիցները նման բան չեն արել։ Եթե նախկին քաղաքապետը նման փաստեր ունենար, շատ շուտ ներկայացրած կլիներ, այնքա՜ն բան կասեր։  24 օպերատոր 12 ընտրատարածքում հետեւել են առավոտից իրիկուն կատարվող ընտրական գործընթացներին, բայց որեւէ խախտում չի արձանագրվել, եթե լիներ, ինքն արդեն իսկ ներկայացրել էր։ Ինքը հայտարարել է, որ  24 օպերատոր ամեն ընտրատարածքի ներսն ու դուրսը, ամբողջ ընթացքը նկարել են, եթե բացահայտել էր ինչ–որ բան, արդեն հրապարակած կլիներ»:

Հիշեցնենք, որ Սեւանի համայնքապետի ընտրություններում երեք թեկնածու էր առաջադրվել, սակայն հիմնական մրցապայքարը Սարգիս Մուրադյանի եւ Ռուդիկ Ղուկասյանի միջեւ էր։  Վերջինս կատաղի պայքար ծավալեց իր մրցակցի դեմ, քանի որ հարազատ կուսակցությունը որոշեց սատարել անկուսակցական Մուրադյանին, իսկ ինքը լինելով ՀՀԿ–անդամ՝ մնաց անպաշտպան։ Ռուդիկ Ղուկասյանը իր կարիերայի ձախողման մեջ մեղադրում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, որն իր վաղեմի հակառակորդն է։ Իսկ Ռաֆիկ Գրիգորյանը Ռուդիկ Ղուկասյանի մասին խոսելիս՝ մատնանշում է Սեւանի անհետացած ստորգետնյա խողովակների  գողության դեպքով հարուցված քրեական գործը, որի շրջանակում ընտրապայքաքարի թեժ փուլում ոստիկանական խմբով Մարտունու քննչական  ծառայություն բերման ենթարկվեց դեռեւս գործող քաղաքապետ Ղուկասյանին։ Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում, որ  մի քանի քրեական գործ կա հարուցված, որոնց Ղուկասյանը դեռեւս վկայի կարգավիճակով է առնչվում։