Կանանց շախմատի Ֆիլիպինների եւ Ավստրալիայի նախկին չեմպիոն, միջազգային վարպետ Արիաննե Կաուիլլիին, ով Լեւոն Արոնյանի կինն է, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում բարեգործական շախմատային միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել 22 խաղատախտակների վրա, թեեւ նախապես հայտարարվել էր 40 խաղատախտակի մասին:
Նշենք, որ յուրաքանչյուր խաղացող, կամ նրան ներկայացնող կազմակերպություն վճարել է 120 000 դրամ։
Միջոցառումը նվիրված էր սահմանափակ հնարավորություններով երեխաների աջակցությանը: Բարեգործական խաղի նպատակն էր միջոցներ ներգրավել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այգիներից մեկը հաշմանդամ երեխաներին հասանելի դարձնելու համար:
Այգին ներառական հանգստի բարեկարգ գոտու եւ խաղահրապարակի վերածելու նպատակով Երեւանի Ինթերնեյշնլ Ռոտարի Ակումբը նախաձեռնել է «Երեւանի Ռոտարի այգու-Yerevan Rotary Park» ծրագիրը, որով նախատեսվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այգին վերանորոգել եւ ստեղծել համապատասխան խաղային պայմաններ, որոնցից հավասարապես կօգտվեն ե՛ւ առողջ, ե՛ւ հաշմանդամություն ունեցող երեխաները:
Այսօր միայն Երեւանում կան շուրջ 2500 սահմանափակ հնարավորություններով երեխաներ: «Ռոտարի» ակումբի նախաձեռնությամբ քաղաքում պետք է ստեղծվի «Ռոտարի այգի», որի միջավայրը մաքսիմալ հասանելի կլինի սահմանափակ հնարավորություններով երեխաների եւ առողջ մանուկների շփմանն եւ ազատ ժամանցի կազմակերպմանը: «Ռոտարի այգու» մանկական խաղահամալիրները կունենան հատուկ հարմարեցված թեքահարթակներ, լրացուցիչ ճաղաշարեր ու հատուկ հակատրավմատիկ ռետինե ծածկույթ:
Այս մրցաշարի ողջ հասույթը կտրամադրվի «Ռոտարի այգու» կառուցմանը:




























