Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը անընդունելի է համարում, որ Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանին իր տան մեջ ծեծի ենթարկելու փաստի առթիվ Քննչական կոմիտեի կողմից հարուցված մեղմ մեղադրանքը «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանի Արկադի Փելեշյանի նկատմամբ:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է. «Ուղղակի հարց այդ քննիչ, դատախազ կոչեցյալներին.
Մտնեն Ձեր տուն, խմբով առնվազն 15 հոգով, կնոջդ, անչափահաս թոռնուհուդ, հավատակից մարդկանց ներկայությամբ տանեն առանձին սենյակ 12-15 րոպե ենթարկեն ծեծի, փորձես փախչել, ազատվել այդ բռնությունից, չթողնեն, հետ մղեն, ավելին օգնության եկողներին էլ չթողնեն օգնության գալ, թոռնուհուդ նկատմամբ էլ սպառնալիք տեղան, թողնեն գնան ու 118 հոդված /Ծեծը
Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով/, եւ ոչ թե 119 /Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը
1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքները, եւ եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով::
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
3) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6) առանձին դաժանությամբ,,
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:/
Ինչպե՞ս անվանենք:
Ուրեմն արժե Ձեր տներն էլ մտնեն եւ Ձեզ էլ ենթարկեն նման ահավոր նվաստացման ու ֆիզիկական ու հոգեբանական բռնության, բայց հետո ծպտուն չհանեք, ու սսկված կմնաք, եթե նման որակում տրվի Ձեր նկատմամբ իրականացված հենց նույնաբնույթ գործողությանը: Հասկացա՞ք»:
Բացի այդ, Սաքունցը անընդունելի է համարում, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին առաջադրված որեւէ կուսակցություն այդպես էլ պաշտոնապես չդատապարտեց վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ բռնությունը. «Բոլորդ էլ Ձեր անտարբերությամբ ու կրավորական պահվածքով հավասարապես պատասխանատու եք այդ բռնության համար: Ամոթ Ձեզ»,-գրել է նա՝ հավելելով, որ միայն «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավարող Քրիստ Մարուքյանն է արտահայտվել բռնության դեմ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ՀՀ Քննչական կոմիտեն Արկադի Փելեշյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքում Փելեշյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալ:




























