Այս պահին Հալեպում շարունակում է ապրել 8-10 հազար հայ, եւ տեղեկություն չունեն, որ նրանցից որեւէ մեկն ուզում է Հայաստան գալ ու չի կարողանում ֆինանսական խնդիրների պատճառով: Այս մասին ասաց փյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։
«Աժիոտաժը, թե հալեպահայությունը ուզում է դուրս գալ ու ճար ու հնար չկա, իրականությունից շատ է հեռու է: Չկա որեւէ մեկը, որ դիմի Սիրիայից Հայաստան գալու համար եւ չստանա համապատասխան օգնություն: Նրանք, ովքեր իրնեց գրպանից վճարում են, չեն էլ դիմում, իսկ նրանք, ովքեր չունեն, դիմում են եւ օգնություն են ստանում, կարողանում ենք հայթայթել եւ՛ տոմսերը, եւ՛ միջոցները, որ բերենք»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, տարհանման ցանկություն չկա, բնակիչներից ահազանգեր նույնպես չկան. «Տարհանելու իրավունք ունի Սիրիայի կառավարությունը, որովհետեւ նրանք Սիրիայի քաղաքացիներ են, իսկ երբ իրենք դիմում են մեզ, մենք արդեն գտնում ենք ուղիները ոչ թե տարհանելու, այլ տեղափոխելու: Եթե լինի ու մարդը մնա այնտեղ ու մենք չտեղափոխենք, նշանակում է, որ մենք չենք աշխատել, բայց մենք ամեն օր էդ ուղղությամբ աշխատում ենք»։
Սրապիոնյանը տեղեկացրեց, որ այս պահին հայկական թաղամասերի ուղղությամբ խաղաղություն է, պայթյուններ չկան:
Ինչ վերաբերում է «Հալեպ» միության ներկայացուցիչ Շուշան Կարապետյանի հայտարարությանը, թե 600-ից ավելի դիմումներ ունեն հալեպահայերից, որոնց ցանկանում են տեղափոխվել Հայաստան, փոխնախարարն ասաց, որ իրենք դիմել են «Հալեպ» հայրենակցական միությանը, սակայն 7-րդ օրն է՝ տեղեկություն չեն ստանում, եւ փաստ չկա, որ 600 հոգանոց սիրիահայերի ցուցակ գոյություն ունի:




























