Ռուսաստանում, Հյուսիսային Օսիայի տարածքում Ռոստով-Երեւան երթուղու ավտոբուսին ողբերգական վթարից հետո, առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ Վլադիվավկազի հիվանդանոցներում է գտնվում 9 մարդ, մնացածը տուժածները դուրս են գրվել:

Ավելի վաղ նշվել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Վլադիկավկազի վարչակազմից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վթարը տեղի է ունեցել Ռոստով-Երեւան երթուղու ավտոբուսի մասնակցությամբ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ավտովթարից տուժել է 32 մարդ, մահացել է 5-ը: Տուժածների թվում 4-ը երեխաներ են:

9 մարդ գտնվում է Վրադիկավկազ քաղաքի հիվանդանոցներում: Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով կտեղափոխվեն Երեւան:

Նշենք, որ Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ կտեղավորեն այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Երեւան ուղեւորվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: 5 մահացածների մեջ են նաեւ երկու վարորդները:

Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավված է 100 մարդ եւ 27 միավոր տեխնիկա: