Հայտնի է դարձել այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից զոհվածներից երկուսի անունները:
ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը`
46-ամյա Արևիկ Հունանյան
62-ամյա Յուրա Պողոսյան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Վլադիկավկազի վարչակազմից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ավտովթարից տուժել է 32 մարդ, մահացել է 5-ը: Տուժածների թվում 4-ը երեխաներ են: ՆՐանցից մեկի վիճակը ծանր է:
Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ: Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:
Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ կտեղավորեն այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։



























