Հյուսիսային Օսիայում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը: Վթարի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն:

«Նախնական տվյալներով՝ ուղեւորատար ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը եւ բախվել մայթեզրին կանգնած բեռնատարին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ՆԳՆ-ում նշել են նաեւ, որ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւության կանոնները խախտելու փաստով: Քննչական խումբ է ստեղծվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Վլադիկավկազի վարչակազմից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ:  Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:

Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տեղավորել են այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։ Նրանք ավելի ուշ ավոբուսով ուղեւորվել են Երեւան: