ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը, հոկտեմբերի 13-ին իր ելույթում անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկի՝ Բաքու կատարած այցին,  ափսոսանք է հայտնել, որ չնայած հայկական կողմի նախազգուշացումներին` հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հերթական ներկայացուցիչը ընկնում է ադրբեջանական քարոզչամեքենայի լարած թակարդը  եւ շահագործվում ադրբեջանական իշխանությունների կողմից:

Արման Կիրակոսյանը  ներկաների ուշադրությունը հրավիրեց ԺՀՄԻԳ տնօրենի այս շաբաթ Բաքու կատարած այցելության եւ նրա ունեցած հանդիպումների վերաբերյալ ադրբեջանական մամուլում  հրապարակված տեղեկատվության վրա: Մասնավորապես, դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Միխայել Լինկին են վերագրվում հայտարարություններ ու գնահատականներ, որոնց համաձայն Ադրբեջանը ներկայացվում է միջկրոնական հանդուրժողականության առումով օրինակելի երկիր: 

Հայաստանի առաքելության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանում շինծու օրինակների գովաբանումը հարված է հասցնում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հեղինակությանը՝ որպես մի հաստատության, որը կոչված է նպաստելու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտել է, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վարվող այլատյացության եւ անհանդուրժողականության քաղաքականությունն արժանի է միայն դատապարտման: