Մատենադարանում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո գործող «Եվրոդիպ» հյուրընկալության եւ տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագրի ներքո: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ-ի) տնօրեն Վիլգելմ Հյուգոն:
Լեւոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանում նման համաժողով գումարելու համար: «Երեւանում նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման առումով, որովհետեւ տուրիզմը եւ հատկապես զբոսաշրջային կրթության զարգացումը մեր երկրի գերակա ուղղություններից է: Սա այն մասնագիտություններից է, որն անմիջապես կապված է աշխատաշուկայի հետ: Հույս ունենք, որ համաժողովից հետո եւ՛ նոր գործընկերներ կգտնենք կրթության ոլորտում, եւ՛ ձեւավորված արդյունքի հիման վրա կրթական չափորոշիչների, ծրագերի մեջ կորդեգրենք նոր ձեւաչափեր: Մենք հատկապես կարեւորում ենք միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրերի այն հատվածը, որոնք անմիջապես առնչվում են ենթակառուցվածքների զարգացման, սպասարկման որակի մեծացման հետ: Անելիքներն այս առումով շատ են. երկիրը իսկապես փորձում է գերակա այս ուղղությունը բերել նոր աստիճանի, եւ այդ ճանապարհին համագործակցությունը միջազգային գործընկերների հետ իսկապես կարեւոր է:
Նշենք, որ Հյուրընկալության եւ զբոսաշրջային կրթության ասոցիացիան՝ «Եվրոդիպը», ոլորտի ամենահեղինակավոր ցանցերից մեկն է աշխարհում։ Կառույցին անդամակցում են շուրջ 40 երկիր եւ 100-ից ավելի կրթական հաստատություններ, որտեղ սովորում են ավելի քան 150000 ուսանող:
Համաժողովի մասնակցության համար Հայաստան են ժամանել «Եվրոդիպի», Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ` Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Սենեգալից, Ռուսաստանից, Պակիստանից, Հորդանանից, Ղազախստանից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Թուրքիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Պորտուգալիայից եւ Իսպանիայից։




























