Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, նամակով դիմել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին` ՌԴ ԱԻՆ օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Դեպքի վայրում աշխատանքները կազմակերպելու համար այսօր ՌԴ են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը եւ նույն նախարարության արտակարգ իրավիճակների եւ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Ռուսաստանում կապն ապահովում եւ աշխատանքը համակարգում է ՌԴ-ում ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանը: ՌԴ ԱԻՆ օդանավը Մոսկվայից կուղեւորվի Բեսլան, այնուհետեւ` Երեւան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:
Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ: Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:
Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տեղավորել են այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։ Նրանք ավելի ուշ ավոբուսով ուղեւորվել են Երեւան:



























