Ես՝ որպես ՌԴ տրանսպորտի նախարար, այդ պատահարի հետ կապված ամեն ինչ անձամբ պահում եմ իմ վերահսկողության ներքո: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան իշխանություններին՝ այսօր առավոտյան Մոսկվայից Երեւան ժամանող ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին օպերատիվ օգնություն տրամադրելու եւ հինգ զոհ ու երկու տասնյակից ավելի վիրավորների պատճառ դարձած ողբերգական այդ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքների վերացմանն աջակցություն ցուցաբերելու համար:
ՌԴ տրանսպորտի նախարարն իր եւ ամբողջ պատվիրակության անունից անկեղծ ցավակցություն է հայտնել ողբերգական վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, զորակցության խոսքեր հղել բոլոր տուժածներին:
«Ես՝ որպես ՌԴ տրանսպորտի նախարար, այդ պատահարի հետ կապված ամեն ինչ անձամբ պահում եմ իմ վերահսկողության ներքո, ներգրավված են ինչպես ԱԻՆ, այնպես էլ բոլոր անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ Առողջապահության նախարարության: Այս պահին բոլոր վիրավորները գտնվում են Վլադիկավկազի եւ Բեսլանի հիվանդանոցներում, նրանց մատուցվում է որակյալ բժշկական օգնություն: Կանենք ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնենք ճանապարհատրանսպորտային այս պատահարի հետեւանքները»,-նշել է Մաքսիմ Սոկոլովը:




























