Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահմ Քալընը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նա հիշեցրել է, որ ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը քննարկվել են հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հանդիպմանը։

«Ստամբուլում բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հարցում։ Համապատասխան կառույցները ներկայումս աշխատում են այդ ուղղությամբ։ Թուրքիայի ռազմարդյունաբերության դեպարտամենտը բանակցում է ռուսաստանցի գործընկերների հետ հնարավոր համագործակցության ուղղությամբ»,– ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե պլանավորում է արդյոք Թուրքիան Ռուսաստանից հեռահար ՀՕՊ համակարգեր գնել։

«Սկզբունքորեն մենք դրան դրական ենք վերաբերվում»,– ասել է նա։