Մերձմոսկովյան «Ռամենսկի» օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երեւան ուղերթն իրականացնող, վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորներին եւ վթարի հետեւանքով տուժածներին Երեւան տեղափոխելու նպատակով:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է, որ օդանավը Բեսլանում վայրէջք կկատարի մոսկովյան ժամանակով ժամը 14.00-ի սահմաններում: 

Ներկա պահին Բեսլանի մշակույթի տանը կազմակերպված ժամանակավոր կացության վայրում գտնվում է 26 քաղաքացի:

Ինը տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են ք.Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում, երկու քաղաքացի՝ Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում, չորս երեխա՝ Վլադիկավկազի հանրապետական մանկական կլինիկական բուժհաստատությունում:

Նշենք նաեւ, որ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը ուղեւորվել է մերձմոսկովյան «Ռամենսկի» օդակայան՝ ՌԴ ԱԻՆ օդանավով Բեսլան մեկնելու նպատակով:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը հանդիսանում են ՌԴ քաղաքացի, երկուսը՝ ՀՀ քաղաքացի:

Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի

Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի

Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի

Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի

Մամչենկո  Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի

Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ:  Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:

Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տեղավորել են այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։ Նրանք ավելի ուշ ավոբուսով ուղեւորվել են Երեւան: