Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում, որի ընթացքում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, թեեւ չի արտասանել «ցեղասպանություն» բառը, սակայն ակնարկել է, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Գերմանիայի նախագահն իր ելույթում նշել է, թե Գերմանիան հետեւում է Թուրքիայի՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություններին։ «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդրում, մենք  աջակցում ենք «Բաց սահմանով, համատեղ ապագայով, սակայն առանց վիճելի խնդիրներն արհամարհելու» սկզբունքին: Նման սկզբունքով ստեղծված մթնոլորտը շատ կարեւոր առաջընթաց կապահովի տարածաշրջանում, կայունության տեսանկյունից»,-նշել է Գերմանիայի նախագահը՝ հավելելով, որ այդ խնդրում ցանկանում է համարձակություն հաղորդել Թուրքիային։