Նախնական տվյալներով` ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող օդանավը Երեւան կուղեւորվի հայկական ժամանակով ժամը 16:00-ին:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 14-ին ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ուղիղ տեսակապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային, Հյուսիս-կովկասյան տարածաշրջանային և Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնների հետ:

ՀՀ ԱԻ նախարարությունից տեսակապին մասնակցում էին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ռուսական կողմի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գեներալ–մայոր Ն. Գրիգորյանը և փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը:

Տեսակապի սկզբում Ս. Ազարյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ ԱԻՆ նախարարությանը` պատահարին արագ արձագանքելու, պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու և ակտիվ համագործացության համար:

ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնեցին, որ նախնական տվյալներով` ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը Բեսլանից Երևան կուղևորվի հայկական ժամանակով ժամը 16:00-ին, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի: Նույն օդանավով Հայաստան կտեղափոխվեն նաև ավտոբուսի վթարի հետևանքով ազգությամբ հայ երկու զոհի դիերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ:  Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:

Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տեղավորել են այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։ Նրանք ավելի ուշ ավոբուսով ուղեւորվել են Երեւան: