Ֆրանսիական համալսարանում ասպիրանտուրա կբացվի: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանի՝ Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպման ժամանակ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը եւ  Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

«Որպես ֆրանկոֆոն երկիր մենք որոշակի պարտավորություն ունենք  ֆրանկոֆոն մշակույթի եւ ֆրանսերեն լեզվի տարածման ու զարգացման գործում: Այդ առումով ուզում եմ տեղեկացնել, որ ներկայում կրթության նախարարությունը նախաձեռնել է  օտար լեզուների պահպանման հայեցակարգի մշակման գործընթացը, որտեղ առանձին հատվածով կներկայցվեն ֆրանսերեն լեզվի պահպանության եւ տարածման ուղիները»,-նշել է նախարար Լեւոն Մկրտչյանը: Նախարարը կարեւորել է  ֆրանսիական համալսարանի դերը մեր երկրի կրթական համակարգում, ինչպես նաեւ համալսարանական անկախ համակարգի առկայությունը` երկրի ինքնուրույնության եւ ինքնիշխանության գործում: 

Իր հերթին դեսպան Շարպանտիեն շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կարեւորագույն ձեռբերումն է: Խոսելով համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային եւ կազմակերպչական մի շարք հարցերի շուրջ` դեսպանը հավաստիացրել է, որ համալսարանի վարչական վերջին խորհուրդը վերահաստատել է սովորողների համար սոցիալապես մատչելիության սկզբունքը: Դեսպան Շարպանտիեն տեղեկացրել է նաեւ, որ համալսարանի գործունեության զարգացմանը, ուսանողների թվի ավելացմանը զուգընթաց որոշակի խնդիրներ են առաջանում, որոնք համատեղ լուծումներ են պահանջում:

Այդ առնչությամբ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ շրջանառության մեջ է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որտեղ ի թիվս այլ հարցերի` հստակ սահմանված է պետական, ոչ պետական եւ միջազգային պայմանագրերով հիմնադրված բուհերի կարգավիճակը, որը հնարավորություն կտա կարգավորել կազմակերպաիրավական, ֆինանսական եւ մի շարք այլ խնդիրներ: Լեւոն Մկրտչյանը ողջունել է Ֆրանսիական համալսարանի կողմից ասպիրանտուրա հիմնադրելու քայլը եւ իր պատրաստակամությունը հայտնել համալսարանին  սատարելու այդ գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են մեր երկրում  ֆրանսերենի խորացված  ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, ֆրանսերեն լեզվի տարածման եւ զարգացման, ֆրանկոֆոն մշակույթի եւ ֆրանսերեն լեզվի  տարածման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը: