Տուլայի դատարանը մեղսունակ է ճանաչել Ուզբեկստանի քաղաքացի Սիրոժիդդին Շերալիեւին, որը մեղադրվում է հինգ մարդու՝ այդ թվում երեք երեխաների սպանության մեջ։
«Դատաբժշկական փորձագետների եզրակացությամբ սպանությունը գործելու պահին մեղադրյալը աֆֆեկտի վիճակում չի գտնվել, նրա գործողությունները մտածված են եղել։ Նա լիովին մեղսունակ է ճանաչվել»,- ասել է «Ինտերֆաքսի» զրուցակիցը։
Շերալիեւը մեղադրվում է հինգ սպանության, երկու մահափորձի ու սեռական բնույթի բռնի գործողությունների մեջ։ Նա ընդունել է իր մեղավորությունը։ Նաեւ քննության ժամանակ տղամարդը խնդրել է իրեն տեղափոխել մենախուց, վախենալով, որ խցակիցները հաշվեհարդար կտեսնեն իր հետ։
Քննության տվյալներով հանցագործությունները, որոնց մեջ մեղադրվում է Շերալիեւը, տեղի են ունեցել 2015-ի մայիսի 30-ի գիշերը Տուլայի Օռլովյան մայրուղու վրա գտնվող մասնավոր տանը։ Տղամարդը մի քանի անգամ դանակով հարվածել է իր 49-ամյա ընկերուհու վզին, երբ վերջինը քնած է եղել։ Կինը արթնացել է ու իր բղավոցներով արթնացրել բոլոր նրանց, ովքեր այդ պահին տանն էին։ Հանցագործը որոշել է հաշվեհարդար տեսնել բոլոր ականատեսների հետ։ Դրա հետեւանքով դանակային վիրավորումներից տեղում մահացել են երկու կին ու երեք երեխա, որոնք նույն ընտանիքի անդամներ էին՝ տատիկը, մայրը, նրա երկու դուստրերը՝ 10 ու 9 տարեկան, նաեւ հնգամյա որդին։ Տղամարդն ու յոթամյա տղան ողջ են մնացել։




























