«Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 4-ին կախված հայտնաբերված կալանավոր, 21-ամյա Անզոր Կարապետյան հարազատները համաձայն չեն նրա մահվան դեպքով հարուցված քրեական գործի քննությունը կասեցնելու վերաբերյալ քննիչի որոշման հետ: Մահացածի իրավահաջորդի փաստաբանը` Անի Չատինյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ բողոք կներկայացնի որոշման դեմ, եթե մոտ ժամանակներս, համաձայն նախկինում արած իր միջնորդությունների, այն չվերսկսվի:

«Ես միջնորդություններ էի ներկայացրել, որ որոշ գործողություններ կան, չեն կատարվել: Հիմա դրանից ելնելով կարող է վերսկսվել գործի քննությունը, օրենքով հնարավոր է ցանկացած պահի վերսկսել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ եթե չվեսկսվի, ապա իրենք բողոք կներկայացնեն:

Հիշեցնենք, որ քննությունը կասեցվել էր դատահոգեբանական փորձաքննության արդյունքները ստացվելուց հետո: Ըստ դատահոգեբանի եզրակացության` Անզոր Կարապետյանի անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության:

Միեւնույն ժամանակ փորձագետը նշել էր, որ համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով հնարավոր չէ ախտորոշել Ա. Կարապետյանի հոգեվիճակը՝ մահվանը նախորդած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Անզոր Կարապետյանի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական վարկածին, որ նա ինքնասպան է եղել:

Անզոր Կարապետյանի մահվան վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: 2016 թ. հունվարի 11-ին նրա հարազատները դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, պատմել, որ հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ից իրենց հայտնել են, որ Ա. Կարապետյանը ինքնասպանություն է գործել, մինչդեռ իրենք այդ վարկածին չեն հավատում, քանի որ 21-ամյա տղայի մարմնի վրա բռնության հետքեր են եղել, ներքին օրգանները վնասված են եղել:

Անզոր Կարապետյանը մահանալուց ժամեր առաջ է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Նա 2015 թ. դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում մասնակցել է ծեծկռտուքի, ինչից հետո ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետեւ՝ 2016 թ. հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորել եւ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: