Վարդենիսում 16-ամյա աղջկա սպանության համար տարիներ առաջ դատապարտված ամուսինների փաստաբան Սեդա Սաֆարյանը Վճռաբեկ դատարանի ընթացակարգի դեմ բողոք է ուղարկել ՄԻԵԴ: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:

Նշենք, որ փաստաբանը բողոքում է, որ ՄԻԵԴ որոշումից հետո հունիսի 24-ին Վճռավեկ դատարանը նիստ է անցկացրել, որոշել բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, սակայն որոշումն արդեն մի քանի ամիս է՝ չի ուղարկում համապատասխան մարմիններին եւ այդ պատճառով գործի ընթացքը ձգձգվում է: 

Վճռաբեկ դատարանը վերաբացման վարույթ էր սկսել, երբ տարիներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ խախտվել են ամուսինների իրավունքները:

Ամուսինների՝ նախաքննության ժամանակ խոշտանգումների ենթարկվելու մասով գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Նշենք, որ ամուսինները պնդում են, որ իրենք չեն սպանել 16-ամյա Սյուզաննային եւ իրենց դատապարտել են ծեծով ու խոշտանգումներով վերցրած ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա:

ՄԻԵԴ-ը վճռով Հայաստանի հանրապետությանը նաեւ պարտավորեցրել էր 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:

Դատարանն ապացուցված է համարել, որ 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, նրան կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:

2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեղադրանքով Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14,  Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը դիմել էր ՄԻԵԴ 2006 թ.: 2015թ. ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում:

Բագրատ Նալբանդյանն արդեն ազատության մեջ է, Նարինե Նալբանդյանի պատժի կրման ժամկետը կլրանա երեք տարուց: