Կենտրոնական հետախուզական վարչությունն ԱՄՆ վարչակազմի հանձնարարությամբ աննախադեպ քիբերհարձակում է պատրաստում Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով հետախուզությունում բարձրաստիճան աղբյուրին:

Նշվում է, որ հարձակումը պատասխան է ռուս հաքերների կողմից, իբր, ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ներգործելու փորձերին:

Աղբյուրի տվյալներով՝ հարձակման թիրախում Ռուսաստանի ղեկավարությունն է: Նա պարզաբանել է, որ քիբերհարձակումը կառնչվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի անհատական օգտահաշիվներին եւ բանկային հաշիվներին:

NBC News-ը հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգթոնը «անհրաժեշտ պահին եւ առավելագույն էֆեկտով» կպատասխանի Մոսկվային իբր ռուս հաքերների կողմից իրականացված քիբերհարձակումների համար:

Ի պատասխան հարցին, ԱՄՆ-ն ինչո՞ւ դեռեւս չի պատասխանել Ռուսաստանին, Բայդենն ասել է. «Մենք ազդանշան ենք ուղարկում (նախագահ Վլադիմիր Պուտինին)»: