Առողջապահությանը 2011 թվականի պետական բյուջեով հատկացվելու է 62.5 մլրդ դրամ, որը կկազմի ՀՆԱ-ի 1.66 տոկոսը; Սակայն կայուն զարգացման ծրագրով առողջապահության մասնաբաժինը ՀՆԱ-ում պետք է 2011-ին կազմեր մոտ 2 տոկոս: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 20-ին բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Պետական բյուջեի նախագծի եւ կայուն զարգացման ծրագրերի միջեւ առկա շեղումը փոխնախարարը բացատրեց ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամով, որին Հայաստանը բախվեց նախորդ տարիներին: Նշենք, որ պատգամավոր Մարկոսյանը նույնիսկ 2 տոկոս թիրախը անբավարար համարեց առողջապահական համակարգի նորմալ կենսագործունեության համար, քանի որ, ըստ փորձագիտական գնահատումների, առողջապահության պետական հատկացումները առնվազն պետք է հասնեն ՀՆԱ-ի 3 տոկոսին:
Ըստ Պ. Սաֆարյանի՝ եթե առողջապահության նախարարությանը հաջողվի Համաշխարհային բանկից 20 մլն դոլար վարկ ստանալ, ապա առողջապահության ֆինանսավորումը արդեն 2011 թ. կմոտենա ՀՆԱ-ի 2 տոկոսին:




























