Հայաստանի ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստում հոկտեմբերի 11-ին ամփոփվել են 2016 ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները:

Զեկույցներում վերլուծվել են անցած երեք ամիսների հնթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման գործընթացի, եւ զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները:

Ներկայացվել են արձանագրված դրական ցուցանիշները, ինչպես նաեւ այն ուղղությունները, որոնք պահանջում են հետագա առավել համակարգված եւ նպատակային աշխատանք:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրամանատարության կողմից խրախուսվել են եռամսյակի ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած եւ բարեխիղճ զինծառայողները: