C-400-ների մատակարարումների հարցում Ռուսաստանը բացառություն է կատարում միայն այնպիսի ռազմավարական գործընկերների համար, ինչպիսին են Չինաստանը եւ Հնդկաստանը: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Սա մեր նորագույն համակարգն է: Մենք հիմա ինքներս ենք մեր զինված ուժերը սպառազինում եւ բացառություն ենք կատարում միայն մեր մերձավոր երկրների համար, ինչպիսին են Չինաստանը եւ Հնդկաստանը»,- ասել է Ռոգոզինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամենաառաջավոր տեխնոլոգիաները մատակարարում է միայն նրանց, ում վստահում է: Նա նաեւ հայտնել է, որ սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի հնդկական շուկայում Ռուսաստանն առաջին տեղում է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը եւ Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել Հնդկաստանին «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումների մասին:




























